Բաժին. Տնտեսական

«Գերտաքացում» ՏՏ ոլորտում

Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների շուկայական կապիտալիզացիան կրճատվել է շուրջ 20%-ով կամ մոտ 275 մլրդ ԱՄՆ դոլարով: Այս մասին գրում է The Financial Times-ը` նշելով, որ վերջին ժամանակահատվածում սա արդեն երկրորդ «գերտաքացած» ոլորտն է, որտեղ գրանցվում է առաջատար ընկերությունների արժեթղթերի գների անկում: Նշենք, որ ավելի վաղ նման միտում նկատվել էր բիոտեխնոլոգիաների ոլորտում:

The Financial Times-ը, ուսումնասիրելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ նվազագույնը 20 մլրդ ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալիզացիա ունեցող 14 առաջատար ընկերությունների արժեթղթերի գների դինամիկան, պարզել է, որ մոտ մեկ ամիս առաջ այս ընկերությունների ընդհանուր կապիտալիզացիան գերազանցել է 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլարը, և այսօր արդեն ընկերությունների մեծ մասը գրանցել է արժեթղթերի գների զգալի անկում: Այսպես, առավել մեծ անկում գրանցել են Twitter-ը և LinkedIn-ը՝ ավելի քան 30%: Facebook-ը մեկ ամսում գրանցել է կապիտալիզացիայի շուրջ 26% անկում, իսկ Google-ը՝ 12% անկում:

Շատ վերլուծաբաններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների արժեթղթերի գների անկումը գնահատում են որպես «սպասված»՝ նշելով, որ իրականում այս ընկերությունները շուկայի մասնակիցների կողմից «գերագնահատված են» և միայն ժամանակը կարող է սահմանել արժեթղթերի «իրական գինը»:

Share