Բաժին. Տնտեսական

Ուորեն Բաֆեթը այլևս չի հավատում ամերիկյան ավտոարտադրության ապագային

Ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը այլևս չի հավատում ամերիկյան ավտոարտադրության ապագային և իր «ներդրումային հույսերը» կապում է հեռահաղորդակցության ոլորտի հետ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը վաճառել է General Motors ընկերության 10 մլն արժեթուղթ և դրա փոխարեն գնել ԱՄՆ-ի  խոշորագույն բջջային օպերատոր Verizon Communications ընկերության 11 մլն արժեթուղթ:

Ինչպես նշվում է Berkshire Hathaway  ընկերության կողմից ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթղթերում՝ այժմ ընկերությանը պատկանում է General Motors-ի 30 մլն արժեթուղթ (շուրջ 1,9%), որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Berkshire Hathaway մերդրումային խմբի կազմի մեջ են մտնում տարբեր ոլորտների ավելի քան 40 ընկերություններ: Ըստ անկախ գնահատականների՝ իր ներդրումային ընկերության արդյունավետ գործունեության շնորհիվ Ուորեն Բաֆեթը վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին տարիներին աշխատել է շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար:  Ճգնաժամային տարիներին Ուորեն Բաֆեթի առավել «շահութաբեր» ներդրումները համարվում են ամերիկյան Goldman Sachs և Bank of America բանկերում, General Electric և Dow Chemical Company  ընկերություններում կատարված ներդրումները:

Share