Բաժին. Տնտեսական

Լիտվան պատրաստ է 2015թ. հունվարի 1-ից միանալ Եվրոգոտուն

Եվրոխումբը` Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը, քննարկել և հաստատել է Լիտվայի հաշվետվությունը՝ Եվրոգոտու անդամ դառնալու նպատակով իրականացվող քայլերի վերաբերյալ: Եվրոխմբի հայտարարության համաձայն՝ Լիտվան պատրաստ է 2015 թվականի հունվարի 1-ից միանալ եվրոպական արժույթի միասնական գոտուն:

Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարների գնահատմամբ՝ Լիտվան բավարարության է այն նվազագույն պահանջներին, որոնք անհրաժեշտ են երկրում եվրոյի ներդրման համար:

Սպասվում է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում եվրոպական բարձր կառույցների մակարդակով տեղի կունենան քննարկումներ Եվրոգոտուն Լիտվայի անդամակցության հարցերի շուրջ, և եթե քննարկումների արդյունքը լինի դրական՝ Լիտվան կդառնա Եվրոգոտու 19-րդ անդամ երկիրը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից Լիտվայի հարևան երկիրը՝ Լատվիան, պաշտոնապես դարձել է Եվրոգոտու անդամ: Հունվարի 15-ից երկիրը պաշտոնապես անցում է կատարել եվրոյի:

Այսօր Եվրոգոտուն անդամակցում է 18 երկիր: Եվրոգոտում բնակչության թիվը հասնում է 325 մլն-ի:

Բացի Լիտվայից, Եվրոգոտուն միանալու ճանապարհին են նաև Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Խորվաթիան, Ռումինիան, Բուլղարիան:

Share