Բաժին. Տնտեսական

Չինաստանի խոշորագույն բանկերից մեկը կասկածվում է փողերի լվացման մեջ

Չինաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես հաստատել է, որ երկրի խոշորագույն բանկերից մեկի նկատմամբ մեկնարկել է հետաքննություն: Բանկը, որի անունը պահվում է գաղտնի, մեղադրվում է օֆշորներում իր հաճախորդների փողերի լվացման մեջ:

Չինական մամուլը գրում է, որ «կասկածյալ» բանկը իր հաճախորդներին առաջարկում է «ներդրումային միգրացիայի» ծառայություն, որը թույլ է տալիս շրջանցել երկրում գործող օրենքը, ըստ որի՝ ֆիզիկական անձիք իրավունք ունեն տարեկան իրականացնել առավելագույնը 50 հազար ԱՄՆ դոլարի արտարժութային գործարքներ: Նշվում է, որ իր այս ծառայությունը Բանկը ներկայացրել է որպես չինական ազգային արժույթի՝ յուանի կիրառելիության բարձրացմանն ու ներդրումների ներգրավմանն ուղղված գործիք, սակայն իրականում օգնել է հարուստ չինացիներին իրենց հարստությունը դուրս հանել երկրից:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակահատվածում Չինաստանի կենտրոնական բանկը քայլ է ձեռնարկում երկրի ազգային արժույթի՝ յուանի միջազգայնացման գործընթացը ընդլայնելու ուղղությամբ:

2013 թվականի արդյունքներով, ըստ SWIFT ֆինանսական խմբի հաշվետվության, յուանը դարձել է 10 ամենաակտիվ վաճառվող արժույթներից մեկը:

Ներկա դրությամբ կա չինական յուանի չորս օֆշորային կենտրոն՝ Հոնկոնգ, Սինգապուր, Լոնդոն, Թայվան:

Share