Բաժին. Տնտեսական

RJ Reynolds-ը տուգանվել է 23 մլրդ դոլարով

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի դատարանը ԱՄՆ-ում ծխախոտի արտադրության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկին՝ RJ Reynolds Tobacco Company-ին, «պարտադրել է» թոքերի քաղցկեղից մահացած ամերիկացու ընտանիքին փոխհատուցել 23 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան մամուլը գրում է, որ Մայքլ Ջոնսոնը, ով աշխատել է ավտոբուսի վարորդ, մահացել է 1996 թվականին՝ 36 տարեկանում: Նա 20 տարի շարունակ օրական ծխել է 1-3 տուփ ծխախոտ:

2008 թվականին Մայքլ Ջոնսոնի ընտանիքը դատական հայց է ներկայացրել ծախախոտ արտադրող ընկերության դեմ և արդյունքում շահել է դատը: Ըստ որոշման՝ ընկերությունը պարտավորվել է մահացածի կնոջը փոխհատուցել 7,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ որդուն՝ 9,6 մլն ԱՄՆ դոլար: Այսքանով, սակայն, դատական գործընթացի չի սպառվել: Անցյալ շաբաթ դատարանը նշանակել է լրացուցիչ տուգանք, ինչը և զգալի մեծացրել է փոխհատւոցման ենթակա գումարի չափը: Ըստ մեղադրյալ կողմի՝ RJ Reynolds ընկերությունը պատշաճ կերպով գնորդներին չի տեղեկացնում, որ իր արտադրանքը վտանգում է առողջությունը:

RJ Reynolds ընկերությունը մտադիր է բողոքարկել Ֆլորիդայի դատարանի որոշումը:

Share