Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին կեսին «Զվարթնոց» օդանավակայանը պետբյուջե է վճարել 2 մլրդ դրամի հարկ

Այս տարվա առաջին վեց ամսում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը («Զվարթնոց» օդանավակայան) Հայաստանի պետական բյուջե է վճարել 2,03 մլրդ ՀՀ դրամի հարկեր՝ հայտնվելով մեր երկրի խոշոր հարկատուների ցանկի 25-րդ հորիզոնականում:  Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների  համաձայն՝ հաշվետու եռամսյակում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից պետբյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ):

Նշենք նաև, որ 2013 թվականին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը Հայաստանի պետական բյուջե էր վճարել 5,099 մլրդ ՀՀ դրամ: 2012 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել էր ավելի քան 2 անգամ, ինչի արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 38-րդ տեղից բարձրացել և հայտնվել էր 16-րդ տեղում:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան Corporacion America ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

Share