Բաժին. Տնտեսական

Օգոստոս ամսին ՏՀԶԿ երկրներում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 7,3%

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում գործազրկության մակարդակը ընթացիկ տարվա օգոստոս ամսին նվազել է մինչև 7,3%` հուլիսին արձանագրված 7,4%-ի համեմատ: 

Հաշվետու ամսին եվրոգոտու` ՏՀԶԿ անդամ հանդիսացող երկրներում գործազրկության ցուցանիշն, ընդհանուր առմամբ, մնացել է 11,5% մակարդակում: Ընդ որում` Իտալիայում այս ցուցանիշը նվազել է 0,3 տոկոսային կետով և կազմել 12,3%:

Գործազուրկների թիվը նվազել է նաև Ավստրալիայում (6,1%), Ճապոնիայում (3,5%) և Մեքսիկայում (4,9%): Աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազել է 0,1 տոկոսային կետով` մինչև 6,1%, իսկ Կանադայում ցուցանիշը մնացել է 7% մակարդակում:

Աշխատանք չունեցող երիտասարդների թիվը ՏՀԶԿ երկրներում անկում է ապրել 0,3%-ով` կազմելով 14,7%: Սակայն գործազուրկ երիտասարդների բարձր ցուցանիշ է գրանցվել Հունաստանում (51,5%), Իսպանիայում (53,7%), Իտալիայում (44,2%) և Պորտուգալիայում (35,6%): Աշխատունակ երիտասարդության գրեթե մեկ քառորդը շարունակում է գործազուրկ մնալ Սլովակիայում, Իռլանդիայում և Ֆրանսիայում:

Share