Բաժին. Տնտեսական

ԵՄ-ում աճում են ավտոմեքենաների վաճառքի ծավալները

Եվրամիության երկրներում ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին գրանցված նոր ավտոմեքենաների թիվն աճել է 6,4%-ով` կազմելով 1,236 մլն մեքենա: Տարեսկզբից առայսօր Եվրոպայում վաճառվել է 9,91 մլն ավտոմեքենա, ինչը 5,8%-ով գերազանցում է մեկ տարի առաջվա ցուցանիշը:

Հաշվետու ամսին եվրոպական 5 խոշորագույն ավտոշուկաներում էլ աճել է

վաճառված ավտոմեքենաների թիվը: Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը տարեկան արտահայտությամբ կազմել է 5,6% (425,8 հազար միավոր), Գերմանիայում` 5,2% (260 հազար), Ֆրանսիայում` 6,3% (151,1 հազար), Իտալիայում` 3,3% (110,4 հազար): Իսպանիայում վաճառքի ծավալներն արձանագրել են միանգամից 26,2% աճ (57 հազար միավոր)` պետության կողմից ավտոշուկան խթանող միջոցներով պայմանավորված:

Նկատենք, որ սեպտեմբերյան վաճառքի ամենամեծ ծավալները նկատվել են Հունաստանում (+32,6%), Պորտուգալիայում (+31,5%): Իսկ ամենամեծ անկումը գրանցվել է Նորվեգիայում (-4,8%) և Նիդերլանդներում (-3,8%):

Ի դեպ, եվրոպական ավտոշուկայի առաջատարի` գերմանական Volkswagen-ի վաճառքի ծավալներն աճել են 6,2%-ով, իսկ ֆրանսիական Peugeot Citroen-ինը` 9,9% -ով:

Share