Բաժին. Տնտեսական

Այս տարի մեր երկիրն արտահանել է 137,8 հազար տոննա պղինձ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրից արտահանվել է 137,8 հազար տոննա պղնձի հանքաքար և խտահանք: Ինչպես տեղեկացնում են Մաքսային ծառայությունից՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանից պղնձի հանքաքարի և խտահանքի արտահանումը աճել է շուրջ 9%-ով: 2013 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանված պղնձի հանքաքարի և խտահանքի ծավալը կազմել էր մոտ 126 հազար տոննա:

Հարկ է նշել, որ չնայած ընթացիկ տարում գրանցվել է պղնձի արտահանման ծավալային ցուցանիշի աճ, արժեքային ցուցանիշը կրճատվել է՝ պայմանավորված համաշխարհային շուկայում պղնձի գների անկմամբ:

Այսպես, եթե 2013 թվականի առաջին ինն ամսում արտահանված պղնձի հանքաքարի և խտահանքի մաքսային արժեքը կազմել էր 210 մլն ԱՄՆ  դոլար, ապա այս տարվա ընթացքում արտահանված պղնձի հանքաքարի և խտահանքի մաքսային արժեքը կազմել է 177,8 մլն ԱՄՆ դոլար: Ցուցանիշի անկումը կազմել է մոտ 15%:

Share