Բաժին. Տնտեսական

Ադրբեջանին ծանր տարի է սպասվում. փորձագետներ

Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` նավթի գների անկման ֆոնին երկրին սպասվում է ծանր տարի:

Պետական մաքսային կոմիտեի տվյալներով` 2014 թվականի առաջին 11 ամիսներին ադրբեջանական արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազել է 5,8%-ով և կազմել 20,7 մլրդ դոլար: Նավթի և նավթամթերքի արտահանումը կազմել է 18,8 մլրդ դոլար կամ արտահանման կառուցվածքի 91%-ը:

Առաջիկա տարում միջազգային բորսաներում չպետք է սպասել նավթի գների նախկին մակարդակի վերականգնում, երբ «սև ոսկու» մեկ բարելը գնահատվում էր 100 դոլար: Ուստի` ադրբեջանական նավթի իրացումից երկրի բյուջեն զգալի ֆինանսական մուտքեր չի կարող ունենալ, համոզված են ադրբեջանցի փորձագետները: Նավթային հատվածում արտահանման էական խթանումն անգամ չի կարող փոխհատուցել «սև ոսկու» գների անկման արդյունքում Ադրբեջանի կրած վնասները: Ընդ որում` 2015 թվականի բյուջեն նախատեսված է մեկ բարելի դիմաց 90 դոլարի հիման վրա կատարված հաշվարկներով:

Նկատենք, որ Ասիական զարգացման բանկը 2014 թվականի համար Ադրբեջանի ՀՆԱ-ի կանխատեսումները 5%-ից նվազեցրել է մինչև 3%, իսկ 2015-ի կտրվածքով` 3,5% (նախկինը կազմում էր 4,8%): Բանկն իր կանխատեսումների վերանայումը պայմանավորել է նավթի գների կտրուկ իջեցմամբ:

Share