Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել երկրորդ ամենաբարձր երկնաքերը

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Նահանգների` բարձրությամբ երկրորդ երկնաքերը` Չիկագոյի Willis Tower-ը, որը նախկինում հայտնի էր որպես Sears Tower: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:

Գործարքի արժեքը հնարավոր է կազմի մոտ 1,5 մլրդ դոլար: Ներկայում կառույցը պատկանում է ներդրողների մի խմբի, որտեղ ներառված են այնպիսի հայտնիներ, ինչպես Լլոյդ Գոլդմանը և Ջոզեֆ Չեթրիթը, որոնք շինությունը 841 մլն դոլարով ձեռք էին բերել 2004-ին` MetLife ապահովագրական ընկերությունից:

Ուիլիս Թաուերը կառուցվել է 1973-ին` սկզբնապես ծառայելով որպես Sears Holdings անշարժ գույքի գործակալության կենտրոնակայան: Այն 25 տարի շարունակ համարվել է աշխարհի ամենաբարձր շինությունը (443 մ): Սակայն այսօր երկնաքերը ԱՄՆ-ի ամենաբարձր շենքերի թվում երկրորդն է և զիջում է Ազատության աշտարակին, որը կառուցվել է 2013-ին` 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում փլուզված Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում: Աշխարհի մակարդակով` Ուիլիս Թաուերը 12-րդն է:

Share