Բաժին. Տնտեսական

Փետրվարին սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում

Փետրվարին, հունվարի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում

Փետրվարին, հունվարի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գնանկումով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալները՝ պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում և ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է սակագների և գների ընդհանուր մակարդակի՝համապատասխանաբար 0.2% և 0.7% հավելաճ:

Փետրվարին, տարեսկզբի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.2%, ծառայությունների սակագներինը՝ 100.8%:  

Միևնույն ժամանակ, փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 105.4%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 106.6%, ոչ պարենային ապրանքներինը` 103.4%, ծառայությունների սակագներինը` 104.0%:

Այս տարվա հունվար-փետրվարին, 2014 թվականի հունվար-փետրվարի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, իսկ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքներինը և ծառայությունների սակագներինը՝  համապատասխանաբար 106.0%, 102.9% և 103.6%:

Share