Բաժին. Տնտեսական

2019թ.-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կանցկացվի Հայաստանում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը ստորագրել են 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագիր:

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ մինչ փաստաթղթի ստորագրումը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առանձնազրույց է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթի,  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանի հետ:

Նախարարը գոհունակությամբ է նշել 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու փաստը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի այն անցկացնել բարձր մակարդակով և ներկայացնել Հայաստանի ներուժը և հնարավորությունները ՏՏ ոլորտում: Կարեն Ճշմարիտյանը նաև հույս է հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները, որպես Հայաստանի կառավարության կողմից հռչակված գերակա ոլորտ, որոշակիորեն կնպաստեն Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը և հավելել, որ ներկայումս ՀՀ կառավարության կողմից մշակվում է Հայաստանում ինովացիոն ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որով կամրագրվեն ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության և ինովացիոն էկոհամակարգի հետագա զարգացման հիմնական ուղենիշերը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել է, որ ՏՏ ոլորտը որպես գերակա ճյուղ հռչակելով` Հայաստանն ընտրել է զարգացման ճիշտ ուղի, քանի որ ՏՏ լուծումներն օրեցօր ավելի լայն կիրառություն են գտնում կյանքի բոլոր բնագավառներում: Ջիմ Պոյզանթը հավելել է, որ առաջիկայում համաժողովի կազմակերպման հետ կապված ծանր աշխատանք է սպասվում, և պատրաստակամություն է հայտնել ակտիվ համագործակցել հայաստանյան գործընկերների հետ` համատեղ ջանքերով 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար:

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է համաժողովի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը ապահովելու նպատակով ձևավորել պետության և մասնավոր հատվածների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը կհամակարգի ինչպես կազմակերպչական, այնպես էլ` համաժողովի բովանդակային մասի ապահովման հետ կապված աշխատանքների արդյունավետ իրականացումը:

Լրացուցիչ տեղեկատվություն

2014 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2014 թվականի սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի /WITSA/ տնօրենների խորհրդի նիստում:  

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ աշխարհի շուրջ 100 երկրներից։

WCIT-ը անցկացվում է 1978 թվականից՝ երկու տարին մեկ անգամ:  Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2000 թվականից մինչ օրս WCIT-ն անցկացվել է Թայվանում, Ավստրալիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Կանադայում և Մեքսիկայում:

Share