Բաժին. Տնտեսական

AZAD Pharmaceutical Ingredients-ը Հայաստանում կիրականացնի շուրջ 10 միլիոն եվրոյի ներդրում

Այսօր՝ մարտի 18-ին, Երևանում, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում, բացվել է շվեյցարական «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս» (AZAD Pharmaceutical Ingredients AG) ընկերության դեղահումքի սինթեզման լաբորատորիան:

«ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» ընկերությունը 2014թ.-ին ստորագրել էր փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ՀՀ-ում նպաստել դեղագործական ոլորտի զարգացմանը, ընդլայնել դեղագործական ոլորտում նորարարությունների կիրառումը, աջակցել դեղագործական ոլորտների մասնագետների վերապատրաստմանը, հիմնել պիլոտային արտադրություն:

Նախատեսվում է, որ «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» ընկերության կողմից կատարվող ներդրումների ծավալը առաջիկա 5 տարիների ընթացքում կկազմի շուրջ 10 միլիոն եվրո, որը նախատեսում է պիլոտային ծրագրի իրագործում և դեղահումքի արտադրության կազմակերպում Հայաստանում:

Ծրագրի իրագործումը հզոր խթան կհանդիսանա Հայաստանում դեղահումքի արտադրության նոր ավանդույթի հիմնման գործում:

 

 

 

 

Share