Բաժին. Տնտեսական

Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության խոշոր դեպք

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2014 թվականի ընթացքում նախարարության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ստուգումների արդյունքում արձանագրվել և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7 միլիարդ դրամ: Միևնույն ժամանակ, օպերատիվ-հետախուզական 215 միջոցառմամբ արձանագրվել և գանձվել է ավելի քան 306 միլիոն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

Ձեռնարկված հերթական միջոցառման ընթացքում 8-րդ բաժնի աշխատակիցներն ուշագրավ դեպք են բացահայտել` առանձնապես խոշոր չափի ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:

Ըստ ՕՀՎ 8-րդ բաժնի գլխավոր օպերլիազոր Արսեն Ավանեսյանի, ստացված տեղեկություններից պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերությունն առանց Հայաստանի հարկային մարմիններում հաշվառվելու, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հատուկ հսկողության գոտում իրականացրել է տեխնիկական սպասարկում` խուսափելով հարկային պարտավորություններից. «Ընկերության հասույթի ստացումն, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարումները իրականացվել է ՀՀ տարածքից դուրս գտնվող բանկային հաշվեհամարների միջոցով»:

Ստվերային գործունեության հետևանքով 8-րդ բաժնի կողմից ընկերությանն առաջադրվել է առանձնակի խոշոր չափի տուգանք, ինչն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել և ՀՀ պետական բյուջե է գանձվել տուգանք. համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի` ընկերության կողմից ստացված հասույթի 50 տոկոսի չափով տուգանք` շուրջ 25մլն դրամ»,-տեղեկացրել է Արսեն Ավանեսյանը:

Նախարարությունից հայտնում են, որ 8-րդ բաժինը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝ հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ:

Share