Բաժին. Տնտեսական

Իրաքը 15%-ով ավելացրել է նավթի արտահանումը

Նախորդ ամիսների համեմատ Իրաքը մարտ ամսին արտահանել է 15%-ով ավելի նավթ, ինչը վերջին 35 տարում երկրի կողմից արձանագրված առավելագույն ցուցանիշն է: Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել է Իրաքի նավթի նախարարության ներկայացուցիչ Հասիմ Ջիհադը: Նրա խոսքով` Իրաքը նավթի արտահանումն ավելացրել է` տարեսկզբին նկատված եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կրճատված մատակարարումների փոխհատուցման նպատակով:

Իրաքը, որը ՕՊԵԿ-ի երկրների շարքում նավթի արդյունահանման օրական ծավալով երկրորդն է Սաուդյան Արաբիայից հետո, մարտ ամսին համաշխարհային շուկայում իրացրել է 92,4 մլն բարել «սև ոսկի» կամ օրական 2,98 մլն բարել:

Նախորդ ամսին նավթի վաճառքից ստացված եկամուտները կազմել են 4,46 մլրդ դոլար: Նկատենք, որ 2014թ.մայիսին Իրաքը վաստակել էր մոտ կրկնակի ավելի` 8,08 մլրդ դոլար:

Նավթի պաշարներով Իրաքը զբաղեցնում է հինգերորդ տեղն աշխարհում:

Share