Բաժին. Տնտեսական

2014թ.-ին VivaCell-MTS-ը և Beeline-ը աշխատել են շահույթով, Orange-ը՝ վնասով

Հայաստանի բջջային կապի օպերատորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Vivacell MTS), «ԱրմենՏել»-ը (Beeline) և «Օրանժ Արմենիա»-ն (Orange) հրապարակել են 2014 թվականի 4-րդ եռամսյակում շարժական բջջային կապի ծառայությունների ոլորտում գրանցված հիմնական ֆինանսական ցուցանիշները:  

Ընկերությունների կողմից ներկայացված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում շարժական կապի ոլորտում շահույթով են աշխատել ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «ԱրմենՏել»-ը: «Օրանժ Արմենիան»-ն աշխատել է վնասով:

Այսպես, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային շահույթը մինչ հարկումը կազմել է 7 մլրդ 867 մլն  ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 3 մլրդ 228 մլն ՀՀ դրամ: Շարժական բջջային կապի ոլորտում «Օրանժ Արմենիան»-ն կրել է շուրջ 1 մլրդ 909 մլն ՀՀ դրամի վնաս:

Նախորդ տարվա համադրելի եռամսյակի համեմատ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը գրանցել է շահույթի աճ: «Օրանժ Արմենիան»-ն գրանցել է վնասի փոքր-ինչ ավելացում: Ի տարբերություն հաշվետու եռամսյակում գրանցած շահույթի՝ «ԱրմենՏել»-ը 2013 թվականի 4-րդ եռամսյակում աշխատել էր վնասով:

Հաշվետու եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործառնական եկամուտները շարժական կապից և հարակից գործունեությունից կազմել են 19 մլրդ 572,3 մլն ՀՀ դրամ,  «ԱրմենՏել»-ինը՝ 6 մլրդ  429,1 մլն ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝  5 մլրդ 641,4  մլն ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2014 թվականի առաջին եռամսյակում՝ հունվար-մարտ ամիսներին, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շահույթը մինչ հարկումը կազմել էր  4 մլրդ 145,6 մլն ՀՀ դրամ,  «ԱրմենՏել»-ինը՝ 1 մլրդ 210,9 մլն ՀՀ դրամ, իսկ «Օրանժ Արմենիա» ընկերության կրած վնասը կազմել էր 813,6 մլն ՀՀ դրամ:

Երկրորդ եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շահույթը մինչ հարկումը կազմել էր 4 մլրդ 950 մլն ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել էր 883,27 մլն ՀՀ դրամ: «Օրանժ Արմենիան»-ն կրել էր 535,73 մլն ՀՀ դրամի վնաս:

Երրորդ եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային շահույթը մինչ հարկումը կազմել է 8 մլրդ 785 մլն  ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 1 մլրդ 832 մլն ՀՀ դրամ: Շարժական բջջային կապի ոլորտում «Օրանժ Արմենիան»-ն կրել է շուրջ 356 մլն ՀՀ դրամի վնաս:

Արդյունքում, 2014 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ամախառն շահույթը կազմել է 25 մլրդ 748 մլն ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 7 մլրդ 153 մլն ՀՀ դրամ:  «Օրանժ Արմենիա» ընկերության կրած վնասը կազմել է 3 մլրդ 613 մլն ՀՀ դրամ:

Share