Բաժին. Տնտեսական

Որքա՞ն գումար են ծախսում բջջային կապի օպերատորները աշխատակիցների վարձատրության համար

2014 թվականի վերջին երեք ամսում՝ հոկտեմբեր-դեկտեմբերին, բջջային կապի օպերատորները իրենց աշխատակիցների վարձատրության համար ծախսել են ավելի քան 3,1 մլրդ ՀՀ դրամ:

Բջջային կապի օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքի վարձատրության ծախսերը կազմել են շուրջ 2 մլրդ 20,4 մլն ՀՀ դրամ, «Օրանժ»-ինը՝ 553,3 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ը՝ 559,1 մլն ՀՀ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային գործառնական ծախսերի ընդհանուր կառուցվածքում աշխատանքի վարձատրության ծախսերի մասնաբաժինը կազմել է 19%: «ԱրմենՏել»-ի մոտ ցուցանիշը կազմել է մոտ 8%, իսկ «Օրանժ» ընկերության մոտ՝ շուրջ 10%:

Նշենք, որ հաշվետու ամիսներին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համախառն գործառնական ծախսերը կազմել են 10 մլրդ ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 6,7 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝ 5,7 մլրդ ՀՀ դրամ: Գործառնական ծախսերը ներառում են փոխկապակցման ծախսերը, կապուղիների վարձակալման ծախսերը, դիլերային միջնորդավճարները, շարժական բջջային կապի ցանցի շահագործման և պահպանման ծախսերը, աշխատանքի վարձատրությունը, ինչպես նաև գովազդային և մարքետինգային ծախսերը:

Share