Բաժին. Տնտեսական

Nokia, Blockbuster, Lehman Brothers. Խոշոր բիզնեսներ, որոնք այլևս չկան

Երբ որևէ ընկերություն իր արդյունավետ և երկար տարիների գործունեության արդյունքում հասնում է հաջողության՝ փոքր բիզնեսից աճելով ու դառնալով աշխարհի խոշորագույններից մեկը, նոր ստեղծվող շատ ընկերությունների համար ծառայում է որպես լավ օրինակ: Իսկ երբ նման խոշոր ընկերությունը դադարում է գոյություն ունենալ, նրա սխալներն ու բիզնեսի ձախողումները նախ հիասթափեցնում են այդ ընկերությամբ հիացող սկսնակ գործարարներին, հետո՝ ստիպում մտածել սեփական բիզնեսում նման սխալներից խուսափելու մասին: Ներկայացնում ենք աշխարհի խոշորագույն 5 ընկերություններին, որոնք մի ժամանակ անպարտելի էին, իսկ այսօր այլևս գոյություն չունեն:

5) Bear Stearns. Ամերրիկյան Bear Stearns ներդրումային բանկը սնանկ է ճանաչվել և իր գործունեությունը դադարեցրել է 2008 թվականին: Այս բանկը, մի շարք այլ ֆինանսական ընկերությունների հետ միասին, բիզնես ձախողմամբ ցույց տվեց, որ համաշխարհային ֆինանսական շուկայում իրավիճակն այնքան էլ բարեհաջող չէ, և իր «ներդրումն ունեցավ» համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորացման գործում: Բանկն ակտիվ գործունեություն էր ծավալում արժեթղթերի շուկայում: Ճգնաժամի տարիներին ամերիկյան կառավարությունը փորձ կատարեց փրկել բանկը, սակայն չհաջողվեց: Bear Stearns-ը վաճառվեց JP Morgan-ին և դադարեց գոյություն ունենալ որպես առանձին բիզնես:

4) Lehman Brothers. Ֆինանսական ճգնաժամի «զոհ է» դարձել նաև ամերիկյան Lehman Brothers բանկը, որն իրեն սնանկ ճանաչելու հայտ էր ներկայացրել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին: Այս փաստն այդ պահին վերջնականապես «ջախջախել էր» ներդրողների բոլոր հույսներն ու իր ետևից դեպի անկումը տարել ամերիկյան ողջ ֆինանսական համակարգը: Հետագայում անկախ աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Lehman Brothers բանկը ֆինանսական լուրջ խնդիրների է ունեցել դեռևս 2001 թվականից: Այդ խնդիրները շղթայական կերպով անընդմեջ ավելացել են, իսկ բանկի ղեկավարությունն իր «արդյունավետ» քաղաքականության շնորհիվ դրանք գաղտնի է պահել: Lehman Brothers-ն ԱՄՆ 4-րդ խոշորագույն ներդրումային բանկն էր: Սնանկացման գործընթացի մեկնարկի պահին բանկի ակտիվները գնահատվել էին 640 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկն իր ձախողմամբ ավարտին հասցրեց բիզնեսի 150 տարվա պատմությունը և իր անունը գրեց ֆինանսական դասագրքերում:

3) Washington Mutual. ԱՄՆ-ի ֆինանսական շուկայի պատմության մեջ գրանցված խոշորագույն բիզնես-ձախողումների մեկը համարվում է Washington Mutual բանկի սնանկ ճանաչվելը: 2008 թվականի սեպտեմերի 25-ին բանկը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս անկարող է պահպանել իր գոյություն: Որոշում է կայացվել, որ JP Morgan-ը կդառնա բանկի նոր սեփականատերը և այդ կերպ բանկը կդադարեցնի իր գործունեությունը որպես առանձին բիզնես:

2) Blockbuster. Բիզնեսը «տապալվում է», երբ չի կարողանում դիմակայել տեխնոլոգիական առաջընթացին և շարժվել փոփոխություններին համընթաց: Blockbuster ընկերության ձախողումը դրա վառ օրինակն է: Ընկերությունը երկար տարիներ զբաղվել է ֆիլմերի վարձակալությամբ, սակայն 2010 թվականին ճանաչվեց սնանկ: Ամերիկյան շուկայում ունենալով գերիշխող դիրք՝ ընկերությունը չկարողացավ պայքարել «ինտերնետային հեղափոխության» դեմ և ստիպված դադարեցրեց իր գործունեությունը:

1) Nokia. Երկար տարիներ զբաղեցնելով առաջատար դիրքեր բջջային հեռախոսների արտադրության ոլորտում՝ Nokia ընկերությունը, այնուամենայնիվ, չկարողացավ շարժվել շուկայի արագ զարգացումներին և փոփոխություններին համընթաց ու կորցրեց իր մրցակցային առավելությունը: 2014 թվականին Microsoft ընկերությունը գնեց Nokia-ի բիզնեսը: Արդյունքում, շուրջ մեկդարյա պատմություն ունեցող ֆիննական ընկերությունը դադարեց գոյություն ունենալ որպես մոբայլ սարքեր արտադրող առաձին բիզնես-միավոր: 

Share