Բաժին. Տնտեսական

Նախորդ տարվա համեմատ գործարար միջավայրի ցուցանիշը նվազել է

2015թ-ի առաջին եռամսյակում մեր երկրում գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) կազմել է 54.8, ինչը իր նախորդ եռամսյակի մակարդակից բարձր է 6.7 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ ցածր 1.1 կետով: Այս մասին վկայում են կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված ամփոփ արդյունքների՝ հաշվետու եռամսյակում ԳՄՑ մակարդակի աճը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտի հաշվեկշռի դիրքի 29.4 կետով կամ 84.9%-ով ավելացմամբ: Գործարար միջավայրի ցուցանիշի համապատասխանաբար 3.2 և 2.1 կետով բարելավում է գրանցվել նաև ծառայությունների և առևտրի ոլորտներում, իսկ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 1.5 կետով նվազում: Արդյունքում ԳՄՑ-ն  շարունակում է գտնվել կայունության միջակայքի վերին հատվածում:

Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

Share