Բաժին. Տնտեսական

Հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%

Ապրիլին, մարտի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գնանկումով: Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 1.0% և 0.1% հավելաճ:

Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա ապրիլին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.9%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.6%, ծառայությունների սակագներինը՝ 100.9%: Արդյունքում, ընթացիկ տարվա հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.1 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%):

Նշենք նաև, որ 2015թ. ապրիլին 2014թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.4%, ոչ պարենային ապրանքներինը` 107.0%, ծառայությունների սակագներինը` 103.7%: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա հունվար-ապրիլին, 2014թ. հունվար-ապրիլի համեմատ, ցուցանիշները կազմել են  համապատասխանաբար 105.0%, 105.9%, 105.1% և 103.6%:

Share