Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյանը մասնակցել է Նորապատի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզի Նորապատ համայնքում մասնակցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում:

Բացմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, այլ հյուրեր:

«Մեր հանրապետությունում ստեղծվել են յոթ գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ, որոնցից միայն մեկն էր այգեգործական ուղղվածության: Այսօր բացվող կենտրոնը կլինի նման բնույթի երկրորդ կառույցը, իսկ հետագայում այսպիսի կենտրոններ նախատեսվում է կառուցել բոլոր մարզերում», – նշել է Սերգո Կարապետյանը:

Նախարարը միաժամանակ հավելել է, որ պարարտանյութերի, թունաքիմիկատների և գյուղտեխնիկայի վաճառքից բացի կենտրոնը կզբաղվի նաև խորհրդատվական գործունեությամբ, իսկ հետագայում` նաև կաթիլային ոռոգման համակարգերի ու հակակարկտային ցանցերի ներկրման և վարկային ծրագրերի իրականացմամբ:

Նորաստեղծ կենտրոնը կնպաստի առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի տարածմանն ու առաջխաղացմանը` էական դերակատարում ունենալով շուկայական կապերի դյուրացման և ֆերմերների ու գյուղական ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության գործում:

CARD հիմնադրամի հետ համատեղ կենտրոնը մշտական կապ կստեղծի այգեգործության, վերամշակման և ֆերմերային տնտեսությունների կառավարման նորագույն տեխնոլոգիաներ մատակարարող աշխարհահռչակ ընկերությունների և հայ ֆերմերների միջև: Կենտրոնը կծառայի նաև որպես գործնական սեմինարների անցկացման վայր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:

Այնուհետև նախարարը մեկնել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ անցկացվել է մեղվաբուծության ոլորտին նվիրված խորհրդակցություն: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը:
ացելով խորհրդակցությունը` նախարարն իր ողջույնի խոսքում ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները:

Մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերին` նախարարը նշել է, որ պարարտանյութերի և դիզելային վառելիքի բաշխման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ հայտեր ներկայացնել:

Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում պարարտանյութերը հողօգտագործողներին տրամադրվում են մատչելի գներով` 1 պարկ (50 կգ) ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին տրամադրվում է 6000, իսկ կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերը` 7000 դրամով:

Դիզելային վառելանյութը հողօգտագործողներին տրամադրվում է 1 լիտրը 350 դրամ վաճառքի արժեքով, 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով: Սահմանված առավելագույն քանակը 600 լիտր է:

Նախարարի խոսքով` գյուղատնտեսությունը հանրապետությունում վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում` ապահովելով միջինում 7,5 տոկոս աճ և զարգացման մեծ ներուժ ունի: Նախարարի հավաստմամբ վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է անասնագլխաքանակը, այդ թվում` նաև Արագածոտնի մարզում, ժամանակին իրականացվում են գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները:

Ընդգծելով, որ տարին բարենպաստ է և հատկապես պտղի ու խաղողի բարձր բերք է սպասվում` Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ հավաստել է, որ մթերումները կիրականացվեն ամբողջ ծավալով, պետությունը կաջակցի վերամշակող ընկերությունների խնդիրների լուծմանը և կհետևի, որպեսզի մթերումների գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպվի:

Հաշվի առնելով հանրապետությունում դիտվող խոնավ և տաք եղանակային պայմանները` նախարարը խորհուրդ է տվել գյուղացիներին անպայման բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների և հիվանդությունների դեմ, քանի որ նման եղանակային պայմանները նպաստում են մի շարք սնկային հիվանդությունների բուռն զարգացմանը:

Նախարար Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հետ համատեղ այցելություններ են կատարվելու բոլոր մարզեր` տեղի մեղվաբույծների հետ առկա խնդիրները քննարկելու, առաջարկությունները լսելու, մեղվաբուծության զարգացման ծրագրեր կազմելու և կառավարութան քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Խորհրդակցության ավարտին նախարարը լսել և պատասխանել է մեղվաբույծների կողմից բարձրացված հարցերին:

Share