Բաժին. Տնտեսական

Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործարկվել է վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն

Կոտայքի մարզի Գողթ համայնքում «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությունը ստեղծել է վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընկերության պատասխանատուները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ 2014թ. փետրվարին հիմնված «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից մինչ այժմ կատարվել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նորագույն տեխնոլոգիաներով կառուցվել է 10.5 հա ընդհանուր մակերեսով ջերմոցային համալիր, որտեղ ստանում են էկոլոգիապես մաքուր և անվտանգ մթերք: 2015թ. ապրիլի 30-ի դրությամբ ընկերությունն արտահանել է շուրջ 1,300 տ արտադրանք, որն իրացվել է հիմնականում ՌԴ-ում և Վրաստանում:

Այժմ ընկերությունն ունի մոտ 280 աշխատակից՝ շուրջ 125,000 դրամ միջին աշխատավարձով:

Share