Բաժին. Տնտեսական

Ֆինանսական շուկայում դեռևս զգալի է «դեկտեմբերյան խուճապի» ազդեցությունը

2014 թվականի դեկտեմբերին մեր երկրի ֆինանսական շուկայում առաջացած անորոշություններն իրենց ազդեցությունն են թողել բանկերի ընդհանուր գործունեության վրա: 

Ինչպես փաստում են կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ «դեկտեմբերյան խուճապը» բացասական ազդեցություն է թողել բանկերի կողմից ներգրավված միջոցների ծավալների վրա. 2015 թվականի առաջին եռամսյակում նվազել են թե դրամով և թե արտարժույթով ներգրավված ավանդների ծավալները: Նվազման գերակշռող մասը բաժին է ընկել ձեռնարկություններից ներգրավված ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդներին: Եռամսյակի ընթացքում դրամով ներգրավված ավանդները նվազել են 2.0%-ով, իսկ արտարժութային ավանդները՝ 1.3%-ով:

Միևնույն ժամանակ, մեր երկրի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, տնային տնտեսությունների խնայողությունների կրճատումը, ֆինանսավորման ռեսուրսների թանկացումը իրենց ազդեցությունն են թողել վարկավորման ծավալների վրա: Եռամսյակի ընթացքում բանկերը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների պարագայում, վերագնահատել են ռիսկերը, ճշգրտել վարկային քաղաքականությունը՝ վարկային պորտֆելի որակը պահպանելու նպատակով:

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ըստ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պայմանների վերաբերյալ 2015թ. առաջին եռամսյակի հարցման արդյունքների՝ եռամսյակում ընդհանուր առմամբ դիտվել է վարկավորման ընթացակարգերի և տրամադրման պայմանների խստացում:

Ընթացակարգերի խստացման հիմնական գործոններն են՝ տնտեսական ակտիվության դանդաղումը և հաճախորդների վարկարժանությանն առնչվող խնդիրները:

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 24-ից տեղի էր ունեցել հայկական դրամի կտրուկ արժեզրկում. այդ օր բանկերում ԱՄՆ դոլարի վաճառքի գինը հասել էր 435 ՀՀ դրամի՝ նախորդ առևտրային օրվա նկատմամբ թանկանալով ավելի քան 16 ՀՀ դրամով: Ֆինանսական շուկայում ստեղծվել էր անկայուն վիճակ, որը կայունացնելու նպատակով Կենտրոնական բանկը դեկտեմբեր ամսվա ընթացքում շարունակաբար իրականացրեց դոլարի վաճառք:

 

Share