Բաժին. Տնտեսական

Հայաստանի բանկային համակարգում «երաշխավորված են» ավանդների 26.7%-ը

2014 թվականին Հայաստանի բանկային համակարգում պահպանվել է ինչպես ֆիզիկական անձ ավանդատուների թվի, այնպես էլ ֆիզիկական անձանց բանկային ավանդների կայուն աճի միտումը: ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց բանկային ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1062 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա վերջի համեմատությամբ ավելացել է 14.41%-ով:

Ինչպես վկայում են կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ 2014 թվականի վերջին երաշխավորված ավանդների կշիռը ընդհանուր ավանդներում կազմել է շուրջ 26.7%, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 3.4%-ով՝ պայմանավորված ընդհանուր ավանդներում արտարժութային ավանդների կշռի ավելացմամբ:

Ինչպես նախորդ տարիներին, 2014 թվականին ևս ՀՀ բանկային համակարգում գրանցվել է երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թվի աճ: 2014 թվականի վերջին, նախորդ տարվա վերջի համեմատությամբ, ավանդատուների թիվն աճել է 7.6%-ով և կազմել 1703155 (հաշվարկում ներառված չեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուները):

ՀՀ բանկային համակարգում միայն ՀՀ դրամով ավանդ ունեցող ավանդատուները շարունակում են կազմել ՀՀ բանկային համակարգի ավանդատուների գերակշռող մասը` 84.33%-ը, իսկ միայն արտարժույթով ավանդ ունեցող ավանդատուների կշիռը կազմել է 6.55%:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ստեղծվել է 2005թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Հիմնադրամի ստեղծման նպատակն է նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիությանը, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:

Share