Բաժին. Տնտեսական

Հայաստանում իրականացվող շինարարության մոտ 10%-ը բաժին է ընկնում միջազգային վարկերին

Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 7,01 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է ավելի քան 7%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-ապրիլին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության զգալի մասը բաժին է ընկել Համաշխարհային բանկի և Ասիական Զարգացման Բանկի վարկային միջոցներին՝ համապատասխանաբար 2,05 մլրդ ՀՀ դրամ և 3,09 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարության ծավալներն աճել են մոտ 2 անգամ, իսկ Ասիական Զարգացման Բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են 20%-ով:

Միևնույն ժամանակ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջոցների հաշվին իրականացվել է 889.6 մլն ՀՀ դրամի շինարարություն, իսկ Գերմանիայի զարգացման բանկի միջոցների հաշվին՝ մոտ 29.4 մլն ՀՀ դրամի շինարարություն:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է շուրջ 10.6%:

Share