Տնտեսական | 23:45 01/07/15

Մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները նվազել են 23%-ով

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 812.2 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 6.6 մլրդ դրամ կամ 13.9 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 23%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ ստացված օգնության 39.0%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.7%-ը`սարքերը և ապարատները, 10.4%-ը` մանածագործական իրերը, 9.1%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.7%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 3.8%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, իսկ 17.3%-ը` մնացած ապրանքները:

Նշենք նաև, որ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալների 27%-ը բաժին է ընկել Միացյալ Նահանգներին, 17.9%-ը՝ Ավստրալիային, 12.2%-ը՝ Չինաստանին, 23%-ը՝ Եվրամիության երկրներին: