Բաժին. Տնտեսական

Հայաստանի և Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

Հուլիսի 6-ին Լեհաստանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդիպել է Լեհաստանի էկոնոմիկայի  նախարարի տեղակալ Գրաժինա Հենցլևսկայայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսական քաղաքականության տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, ինչպես նաև առևտրի և ներդրումային համագործակցության հնարավորությունները:

Լեհաստանի էկոնոմիկայի  նախարարի տեղակալ Գրաժինա Հենցլևսկայան խոսելով Հայաստանի և Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունների արդյունավետ համագործակցության մասին նշել է, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու գործում: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը տեղեկացրել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Լեհաստանի փորձին` ազգային փորձարկման լաբորատորիաների ստեղծման և գործարկման բնագավառում` շեշտելով, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեհաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներկա վիճակին, ինովացիոն քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ենթակառուցվածների զարգացմանը և այլն:

Կողմերը կարևորել են երկու երկրների գործարաների միջև կապերը` շեշտելով, որ հենց գործարարների հետ համագործակցության ընթացքում է հնարավոր ստեղծել լավագույն պայմաններ բիզնեսի համար և բարելավել բիզնես միջավայրը:

Երկուստեք կարևորվել է տնտեսական քաղաքականության, առևտրատնտեսական և ներդրումային բնագավառներում երկու երկրների փորձի փոխանակման, ինչպես նաև նմանատիպ այցերի կազմակերպման անհրաժեշտությունը:

Share