Բաժին. Տնտեսական

ՏաԹևեր» ճոպանուղու տոմսերը արդեն կարելի է գնել նաև օնլայն

Տաթև այցելող և «ՏաԹևեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել ցանկացող զբոսաշրջիկներն արդեն կարող են ճոպանուղու տոմսերը նախապես գնել օնլայն եղանակով՝ այցելելով ճոպանուղու պաշտոնական կայք՝ www.tatever.am:

«Սա հայաստանյան զբոսաշրջային ուղղություն ներկայացնող առաջին կայքն է, որը տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է առաջարկում: Այս մեխանիզմը հաջողությամբ կիրառվում է արտերկրում և, հատկապես, զարգացած զբոսաշրջային կենտրոններում: Մեր նպատակն է օգտագործել միջազգային լավագույն փորձը և ավելի մատչելի ծառայություններ մատուցել ճոպանուղի այցելող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս արդյունավետ պլանավորել իրենց ժամանակը և վայելել Տաթևը»,- նշել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:

Օնլայն եղանակով տոմսերի գնման համակարգի ներդրումը «ՏաԹևեր» ճոպանուղում շարունակաբար իրականացվող՝ զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքների մի մասն է: Գարնանը ճոպանուղում ներդրվել էր աշխարհում լավագույններից մեկը համարվող՝ SKIDATA ընկերության տոմսերի վաճառքի միջազգային համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում այցելուներին միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ ծառայություններ մատուցել:

«Տոմսերի գնման օնլայն համակարգը ինտեգրված է SKIDATA-ի համակարգի հետ, և երբ այցելուն ցանկանում է կայքի միջոցով գնել տոմսը, նրան առաջարկվում է ընտրել իրեն հարմար օրը և ժամը, այնուհետև այդ միջակայքում ընտրել ազատ չվերթը: Վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, անվտանգությունը երաշխավորվում է բանկային համակարգում կիրառվող ծրագրային ապահովման համակարգով: Այսպիսով, տոմսը հնարավոր է ձեռք բերել արագ, առանց հերթ կանգնելու: Սա իսկապես նորույթ է հայաստանյան շուկայում»,- նշում է կայքի պատրաստման և տոմսերի գնման օնլայն համակարգի ներդրման աշխատանքներն իրականացրած BigBek ընկերության ղեկավար Գարիկ Գյուլասարյանը:

Արդիականացվել է նաև «ՏաԹևեր» ճոպանուղու պաշտոնական կայքը: Այցելուն ոչ միայն կարող է տոմս գնել, այլ նաև տեղեկանալ զբոսաշրջային այս տարածաշրջանում մատուցվող տարբեր ծառայությունների, կազմակերպվող միջոցառումների, գործող հյուրանոցների ու հյուրատների վերաբերյալ, գտնել այն ողջ տեղեկատվությունը, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջիկին, ընդ որում՝ ոչ միայն Տաթևի տարածքի, այլև ճանապարհին գտնվող տեսարժան վայրերի մասին:

Share