Բաժին. Տնտեսական

Վահագն Հովնանյան. Հայ մեծ բարերար, հասարակական գործիչ և գործարար

Հայ մեծ բարերար, հասարակական գործիչ և գործարար Վահագն Հովնանյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ից 14։00-ը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Մեծ բարերարը կյանքից հեռացավ օգոստոսի 31-ին, 83 տարեկան հասակում:

Պարոն Հովնանյանի հիշատակին ծաղկեպսակներ բերելու փոխարեն, ցանկացողները կարող են գումար հանգանակել հետևյալ կազմակերպությունների և հիմնադրամների հաշվեհամարներին՝

– Նյու Ջերսիի Յովնանեան վարժարան. դիմել Փեթի Մարտիեսյանին` 201-967-5940 ext 111  հեռախոսահամարով, Էլ. փոստով developmentoffice@hovnanianschools.org

– «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia). հաշվի համար ԱՄՆ դոլարով՝ 1930043839910101;  հաշվի համար ՀՀ դրամով՝ 193004383991058

– «Կրթություն Հայաստան» (Teach for Armenia). հաշվի համար ԱՄՆ դոլարով՝ 1570022002750101; հաշվի համար ՀՀ դրամով՝ 1570022002750100

– Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF). հաշվի համար ԱՄՆ դոլարով՝ 1930001610940101;  հաշվի համար ՀՀ դրամով՝ 1930001610940100

– Ավետիսյան դպրոց. հաշվի համար ՀՀ դրամով` 21400-05503990200

Վահագն Հովնանյանի կենսագրությունը

Վահագն Ստեփանի Հովնանյանը ծնվել է 1932 թվականին՝ Իրաքի Քիրքուք քաղաքում: 1952թ-ին ավարտել է Բաղդադի Քոլեջը և ներգաղթել Միացյալ Նահանգներ` ուսանելու Ֆիլադելֆիայի Սբ. Ջոզեֆի Համալսարանում, որն ավարտել է 1956թ-ին՝ ստանալով ֆիզիկոսի բակալավրի աստիճան:

Իր գործունեության ավելի քան 5 տասնամյակների ընթացքում նրա ղեկավարած ընկերությունները ԱՄՆ-ում կառուցել են ավելի քան 5000 տներ և բազմաթիվ առևտրային տարածքներ: Վահագն Հովնանյանի՝ հայությանն իր նվիրվածության վառ ապացույցն են աշխատանքային հարուստ կենսագրության ընթացքում ստացված բազմաթիվ պարգևները:

Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, պրն. Հովնանյանը 1988թ. երկրաշարժից հետո միջոցներ է հանգանակել Սպիտակի աղետի գոտում նոր դպրոց կառուցելու համար: 1992-ից Հովնանյան ամուսինները եղել են Երևանի Նորքի զանգվածի Անանիա Շիրակացի ճեմարանի գլխավոր բարեգործները:

Տեր և Տիկին Հովնանյանների ամենամեծ նվաճումներից է 1976թ-ին Նյու Ջերսիի Նյու Միլֆորդ քաղաքում հայկական դպրոցի հիմնումը: 1984թ-ին նրանց պատվին այն վերանվանվեց Հովնանյան դպրոց: Դպրոցի տասներորդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 1-ին Վահագն Հովնանյանին շնորհել է «Հայ Առաքելական Եկեղեցու Արքայազն» կոչումը:

Պրն. Հովնանյանը զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար դիտարկում էր որպես գերակա շահ: 2001թ-ի մայիսին ՀՀ կառավարության համաձայնությամբ ստեղծվել է Հայկական Տուրիզմի Զարգացման Գործակալությունը (ՀՏԶԳ), որը ֆինանսավորվում էր Վահագն Հովնանյանի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նշված ֆինանսական աջակցության և պրն. Հովնանյանի ջանքերի շնորհիվ Հայաստանն աշխարհին ներկայացվեց որպես տուրիստական կենտրոն:

Իր գործունեության ընթացքում պրն. Հովնանյանը նպաստել է բազմաթիվ մշակութային ծրագրերի իրականացմանը՝ սատարելով Հայաստանի մուտքն արվեստի միջազգային ասպարեզ: 2000թ-ի մայիսին պրն. Հովնանյանը հիմնել է «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունը` որպես հայ երգահաններին սատարող և հայկական երաժշտական ավանդույթները խթանող մրցույթ: 2002թ-ի հիմնադրել է «Վահագնի» մրցանակաբաշխությունը` որպես թատրոնի, գրականության, կինոյի և գեղարվեստի գործիչներին խրախուսելու և սատարելու ևս մեկ գործոն:

1998թ-ին Վահագն Հովնանյանը հիմնել է Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ մասնավոր բնակելի համայնքը՝ Վահագնի թաղամասը՝ նպատակ ունենալով աշխարհի չորս կողմերում սփռված հայերին համախմբել հայրենիքում:  Իր ողջ գործունեության ընթացքում հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ իր պարտքը համարել նպաստել ավելի հզեր և բարեկեցիկ անկախ Հայաստանի կառուցմանը:

 

Share