Տնտեսական | 21:02 07/09/15

Ո՞ր երկրներում է երիտասարդների շրջանում գործազրկությունն ամենաբարձրը

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալներով՝ վերջին տարիներին աշխարհում զգալի աճել է գործազուրկ երիտասարդների թիվը: ՏՀԶԿ վերլուծաբանները կոչ են անում լուրջ քայլեր ձեռնարկել գլոբալ մակարդակով երիտասարդների շրջանում աճող գործազրկությունը կանխելու համար: Վերլուծաբանների գնահատմամբ՝ անհրաժեշտ է բարձրացնել կրթության մակարդակը, ստեղծել նոր աշխատատեղեր երիտասարդ աշխատուժի համար և մշակել զբաղվածության ծրագրեր:

Ըստ ՏՀԶԿ տվյալների՝ 15-24 տարիքային խմբում ընդգրկված երիտասարդ աշխատուժի շրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակը Իսպանիայում է՝ ավելի քան 53%: Ցուցանիշը համեմատաբար բարձր է նաև Հարավաֆրիկյան հանրապետությունում և Հունաստանում:

Հարկ է նշել նաև, որ Եվրամիության անդամ երկրներում 7.5 մլն երիտասարդ, որոնք ներկայացնում են 15-24 տարիքային խմբի աշխատուժը, հաշվառված են որպես գործազուրկ:

Ստորև ներկայացնում ենք այն 10 երկրները, որտեղ 15-24 տարիքային խմբի երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է.

1. Իսպանիա՝ 53.2%

2. Հունաստան՝ 52.4%

3. Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 51.3%

4. Իտալիա՝ 42.7%

5. Պորտուգալիա՝ 34.8%

6. Սլովակիա՝ 29.7%

7. Իռլանդիա՝ 26.9%

8. Կոսա Ռիկա՝ 25.1%

9. Լեհաստան՝ 23.9%

10. Բելգիա՝ 23.2%