Բաժին. Տնտեսական

Հովիկ Աբրահամյան. «Հարկավոր է տնտեսվարողների բեռն ավելի թեթևացնել»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:

Այնուհետև վարչապետը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարներից հետաքրքրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ:
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. 9 ամսում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ պետք է ընդառաջել յուրաքանչյուր հարցի, որն օգնում է բիզնեսի զարգացմանը, տնտեսության ակտիվացմանը:

Կառավարության նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2016» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառության մեջ դնելու մասին» որոշում: Ըստ այդմ, կիրառության մեջ են դրվելու ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2016» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը:

Գործադիրն ընդունել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» որոշում: Որոշման նպատակն է առավել ընդգրկուն դարձնել երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու և նրանց կողմից երկաթուղային գծերով երթևեկության ու երկաթուղային գծերի անցման սահմանված կանոնները:

Անդրադառնալով սույն որոշմանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է. «Ընդհանրապես ուշադիր պետք է լինենք որևէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար: Դա հիմք ընդունեք, և դա վերաբերում է բոլորին: Եթե մենք, այս պայմաններում մինչև այսօր հանդուժել ենք, ապա ինչն է պատճառը, որ մենք այժմ գնում ենք ավելի խստացման: Դա ինձ համար անհասկանալի է: Այսօրվա տնտեսական պայմաններում հարկավոր է տնտեսվարողների բեռն ավելի թեթևացնել, հնարավորություններն ավելի մեծացնել, բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել: Յուրանաքչյուր գերատեսչություն ցանկանում է իր ներկայությունը ևս մեկ անգամ հաստատել: Ամեն դեպքում, մինչև մանրամասն չզեկուցեք, սա չեմ հաստատելու»:

Share