Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոսին պետբյուջեի պակասուրդը կազմել է շուրջ 54.8 մլրդ դրամ

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ութ ամսում՝ հունվար-օգոստոսին, մեր երկրի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 740.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 795.2 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից՝ հաշվետու ամիսներին պետբյուջեի եկամուտների և ծախսերի մասով ապահովվել է ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը համապատասխանաբար 83.7%‑ով և 82.8%-ով:

2014 թվականի հունվար-օգոստոս ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 1.9%‑ով կամ 13.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների աճով:

Հարկ է նշել, որ 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.4%‑ով կամ 99.8 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 54.8 մլրդ դրամ պակասուրդով` ճշտված ծրագրով նախատեսված 76.2 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31.3 մլրդ դրամ փաստացի հավելուրդի դիմաց:

Share