Բաժին. Տնտեսական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ Դիլիջանի զարգացման միջոցառումների ծրագրի շրջանակներում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կատարվել են մի շարք աշխատանքներ:

Մասնավորապես, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման (Մ-4) միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի թունելից մինչև Դիլիջանի հրապարակ հատվածում տեղադրվել են թվով 298 ճանապարհային նշաններ, քաղաքի հրապարակից մինչև Միջազգային դպրոց հատվածում տեղադրվել են թվով 112 ճանապարհային նշաններ: Կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 16.8 մլն. ՀՀ դրամ:

Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան (Մ-8) միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 կմ երկարությամբ հատվածը (Դիլիջան քաղաքի հրապարակից մինչև Միջազգային դպրոց): Աշխատանքների արժեքն է 153.0 մլն. ՀՀ դրամ: Հիմնանորոգվել է նաև Դիլիջան քաղաքի օղակաձև հրապարակը` 58.0 մլն. ՀՀ դրամ արժեքով:

Դիլիջան քաղաքում և հարակից համայնքներում գործող ութ փոստային բաժանմունքներից 6-ը՝ այդ թվում Հաղարծին և Թեղուտ գյուղական համայնքների փոստային բաժանմունքները, ամբողջությամբ վերանորոգվել, արդիականացվել և տեխնիկապես վերազինվել են:

Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի թվով 4 հեռուստակայաններում ավարտվել են թվային հեռարձակումն ապահովող համապատասխան սարքավորումների տեղադրման աշխատանքները: Ներկայում քաղաքի ամբողջ տարածքում թվային բարձր որակով հեռարձակվում է 8 հեռուստաալիք: Թվային փաթեթում դեռևս ներառված չէ 9-րդ` մարզային ալիքը, որի ազդանշանը մարզային հեռուստաընկերության կողմից «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությանը տրամադրելուց հետո՝ մեկից երկու օրվա ընթացքում կներառվի թվային փաթեթում: Այս պահին պատրաստ է նաև 4 ռադիոալիքների հեռարձակման պլատֆորմը: Հեռարձակման աշխատանքները կիրականացվեն փաթեթում ռադիոալիքների ներառման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումից հետո:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից հաշվարկվել է Երևան-Դիլիջան երկաթուղային ճեպընթաց էլեկտրագնացքով ուղևորափոխադրումներ կազմակերպելու հնարավորությունը: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ 1-1.5 ժամ տևողությամբ ուղևորությունը, հաշվի առնելով ռելիեֆի պայմանները, օգտագործելով արժեքի նվազագույն գնահատականը, երկաթգծի մեկ կիլոմետրի համար կպահանջի 8 մլն. ԱՄՆ դոլար: Երևանից Դիլիջան հատվածն ամբողջությամբ կառուցելու համար կպահանջվի 0.8-1.2 մլրդ. ԱՄՆ դոլար: Ուղևորափոխադրումները կարող են նպաստել մայրաքաղաքի և Դիլիջանի միջև կապի էլ ավելի աշխուժացմանը, ինչն էլ իր հերթին ծանրակշիռ դեր կունենա Դիլիջանի զարգացման միջոցառումների ծրագրի համար:

Share