Բաժին. Տնտեսական

Մեր երկրի տնտեսության դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բարձր

Մեր երկրի տնտեսության իրական հատվածին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում արտարժույթով վարկերը կազմում են 66.7%, ինչը խոսում է այն մասին, որ մեր երկրում դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բարձր: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են կուտակել արտերկրից ներգրավված միջոցներ և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսաելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են: Միևնույն ժամանակ, բնակչությունը նախընտրում է իր խնայողությունները պահել արտարժույթով:

Նշենք նաև, որ տարեսկզբի համեմատ գրանցվել է տնտեսության իրական հատվածին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում արտարժույթով վարկերի մասնաբաժնի աճ՝ 0,8 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 74.8%,  ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում կազմել է 56.4%,  ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը՝ 64.8%, իսկ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը՝ 52.7%: Տարեսկզբի համեմատ այս չորս ցուցանիշների մասով էլ գրանցվել է աճ:

Share