Բաժին. Տնտեսական

Միացյալ Հայկական ֆոնդը դադարեցնում է գործունեությունը. պատճառը գլխավոր հովանավոր Քըրք Քըրքորյանի մահն է

2015 թվականի նոյեմբերի 30-ից Միացյալ Հայկական ֆոնդը (United Armenian Fund) պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Ինչպես հաղորդում է ֆոնդի հոգեբարձուների խորհրդը՝ նման որոշումը պայմանավորել է գլխավոր հովանավոր Քըրք Քըրքորյանի մահվամբ և դրան նախորդած «Լինսի» հիմնադրամի փակմամբ:

Ֆոնդը երախտագիտություն է հայտնել մեծ բարերարին, որի շնորհիվ միլիոնավոր դոլարներ են ուղարկվել Հայաստան:

Միացյալ հայկական ֆոնդ (United Armenian Fund) բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1989թ. նոյեմբերի 7-ին, Լոս Անջելեսում՝ ամերիկահայ հասարակական գործիչ Հարութ Սասանյանի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարանների, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության և Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միացյալ ջանքերով։

Նպատակն էր համակարգել և ավելի արդյունավետ դարձնել սփյուռքի օգնությունը 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին, հաղթահարել շրջափակման արգելքները՝ օդանավային կանոնավոր առաքումներ կազմակերպելու միջոցով։

Ֆոնդի առաջին բեռնատար օդանավը Հայաստան է ուղարկվել 1989թ.՝ աղետի գոտու բնակչությանը հասցնելով շուրջ 30տ մարդասիրական օգնություն։ Գործունեության առաջին տարվա ընթացքում ֆոնդը Հայաստան է առաքել 15 օդանավ՝ 12 միլիոն դոլար արժոդությամբ 500տ բեռ (ձմեռային հագուստ, սնունդ, սարքավորումներ):

26 տարվա ընթացքում կազմակերպության միջոցներով ԱՄՆ-ից 159 օդանավային թռիչքով և ծովային ճանապարհով ուղարկված 2260 արկղերով 720 միլիոն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան և Արցախ:

Հիմնադրամը ինչ-որ ծրագրեր, այնուամենայնիվ, կփորձի իրականացնել Արցախում և Հայաստանում, բայց նախկին գործունեությունը, որ ներառում էր հիմնականում դեղորայք, բժշկական սարքավորումներ, համակարգիչներ, կապի միջոցներ, գյուղատնտեսական և կրթական ծրագրեր տրամադրելուն, այլևս չի լինի:

Share