Բաժին. Տնտեսական

American Express-ը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանում

Չնայած Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներին՝  American Express (AmEx) վճարային համակարգը մտադիր է ընդլայնել իր հաճախորդների բազան Ռուսաստանում: Ինչպես գրում է ռուսական մամուլը՝ պրեմիում դասի քարտեր ներկայացնող AmEx համակարգը Ռուսաստանում փնտրում է նոր գործընկերների, որոնք կապահովեն քարտերի տարածումը ռուսական շուկայում:

Հարկ է նշել, որ AmEx-ը հիմնական շեշտը դրել է ոչ թե ռուսական շուկայում քարտային գործարքների մեծ ծավալ և քանակ ապահովելու, այլ ռուս հաճախորդների կողմից արտերկրում քարտի օգտագործումն ընդլայնելու վրա:

Մինչ այժմ AmEx քարտերը հասանելի էին միայն պրեմիում դասի հաճախորդներին: Ռուսական շուկայում իր բիզնես-քաղաքականության ուղղվածության փոփոխության շնորհիվ AmEx-ը մտադիր է մուտք գործել առավել մեծ շուկա՝ իր քարտերը հասանելի դարձնելով հաճախորդների լայն շրջանակներին:

Ռուսաստանում նոր բիզնես-պլանների մասին AmEx վճարային համակարգը դեռևս հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանմամբ, սակայն ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ նոր գործընկերներ գտնելու նպատակով AmEx-ը ակտիվ քայլ է ձեռնարկում: Ռուսական բիզնես միջավայրում արդեն իսկ կան խոսակցություններ, որ ռուսական գործընկերների հետ AmEx-ը կթողարկի prepaid-քարտեր, որոնք կտարածվեն մանրածախ առևտրի ցանցերում:

Հիշեցնենք, որ Հայաստանում American Express ընկերության վճարային քարտերը ներկայացնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, որն իր առաջին  American Express քարտը թողարկել է 2010 թվականին: Հայաստանում թողարկվող և սպասարկվող American Express քարտերի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք այցելել www.americanexpress.am կայք:

Share