Բաժին. Տնտեսական

Հովիկ Աբրահամյանը հորդորել է լինել հետևողական դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների նկատմամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետի հանձնարարականով դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների ուսումնասիրության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Արտակ Շաբոյանը նշել է. «Հանրապետության վարչապետի հանձնարարականով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է ներկայացարել դեղերի շուկայում պարզելու՝ արդյոք կան չհիմնավորված գնային բարձրացումներ, թե ոչ: Քանի որ հանձնաժողովի տեսադաշտում են գտնվում խոշոր ընկերությունները՝ գերիշխող դիրք զբաղեցնողները, այդ պատճառով հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել դեղեր ներկրող առաջին հինգ ընկերությունների շրջանում: Դրանք են՝ «Նատալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ», «Ամիկուս» և «Էսկուլապ» ընկերությունները: Հանձնաժողովն ուսումնասիրել է այդ ընկերությունների գնային քաղաքականությունը՝ սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Քանի որ դեղերի տեսակները շատ են, այդ պատճառով հանձնաժողովը գնագոյացման հաշվարկներն իրականացրել է կարևոր դեղերի գծով: Կարևոր դեղեր ասելով հասկանում ենք այն դեղերը, որոնք ընդգրկված են առողջապահության նախարարության հիմնական դեղերի ցանկում: Դրանք թվով 483 դեղեր են:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը, որ գնային բարձրացումներ են տեղի ունեցել «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունների մոտ: Մասնավորապես, «Ալֆա ֆարմ» ընկերության մոտ երեք տեսակի դեղերի գներ են բարձրացել՝ դա «Դիկլոֆենակ» ցավազրկող դեղն է և «Կոնկարոն», «Ֆոլիևային թթու» արյան վրա ազդող դեղերը, որոնց գծով տեղի են ունեցել էական գնային բարձրացումներ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը, որ գների բարձրացումներն ամբողջությամբ պայմանավորված են եղել այդ դեղերի ձեռք բերման գների ավելացմամբ: Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմ» ընկերությանը, ապա գնային բարձրացում է տեղի ունեցել «Ամիոդարոն» դեղի գծով, որը հանդիսանում է սրտանոթային դեղ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բարձրացումն արձանագրվել է այն բանի հետևանքով, որ համեմատությունները կատարվել են սեպտեմբեր ամսվա նկատմամբ, իսկ տվյալ ժամանակահատվածում այս դեղը վաճառվել է բավականին ցածր, զեղչված գներով, որն էլ իր հերթին պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ տվյալ ժամանակահատվածում դեղի պիտանելիության ժամկետը մոտեցել է ավարտին: Առհասարակ այս դեղի գինը բարձր է և մշտապես բարձր գներով է վաճառվել: Մնացած դեղերի գծով էական գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այնուհանդերձ կցանկանայի տեղեկացնել, որ այս ուսումնասիրությունները շարունակական բնույթ են կրելու և կցանկանայի հավաստիացնել, որ եթե մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ գնային փոփոխությունները տեղի են ունենում տնտեսվարողների հակամարցակցային գործողությունների հետևանքով, ապա այդ տնտեսվարողները կենթարկվեն խիստ պատասխանատվության»:

Վարչապետը հորդորել է այդ հարցում լինել հետևողական:

Share