Բաժին. Տնտեսական

Կառավարությունը շարունակում է աջակցել գործարար միջավայրի բարելավմանը

Կառավարության որոշմամբ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում առկա ֆինանսական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը արդյունավետ դարձնելու նպատակով 2015թ. պետբյուջեից կտրամադրվի 88,731,015 ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2020 թ. դեկտեմբերի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8,5 տոկոս տոկոսադրույքով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընկերություն կատարած իր այցի ժամանակ համոզվել է, որ այնտեղ առկա է մեծ ներուժ և այն պետք է գործարկվի. «Իմ կարծիքով շատ ճիշտ որոշում է, բայց պետք է լինենք հետևողական, որպեսզի սա աշխատի»:

Կառավարության որոշմամբ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին տրվել է ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընկերությունը գործունեություն է ծավալում ջերմոցային տնտեսության ոլորտում և նախատեսում է զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ: Բարձրորակ հոլանդական վարդերի աճեցման համար ջերմատունը հարկավոր է համալրել անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ լուսավորման համակարգերով, որոնք ներմուծվում են Նորվեգիայից, ինչպես նաև վարդերի սածիլներով, որոնք ներմուծվում են Նիդերլանդներից: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և վերաբաշխումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև դրանից բխող համապատասխան կառավարության որոշման մեջ: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի մոտ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին կայացած ԾԻԳ-երի 11 ամսվա կատարողականների քննարկման արդյունքներով, ինչպես նաև իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերով սպասվող տարեկան կանխատեսումներով պայմանավորված լրացուցիչ համաֆինանսավորման նախատեսման հետ: Քննարկվող նախագիծը ներառում է մի շարք ծրագրերի գծով վերաբաշխումներ և նախագծի ընդունումը նպատակաուղղված է արտաքին աղբյուրներից ստացվող միջոցներով իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու, պահանջվող լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները նախատեսելու և ծրագրերի նախատեսված կատարողականներն ապահովելու համար: ՀՀ վարչապետի մոտ կայացած ԾԻԳ-երի 11 ամսվա կատարողականների քննարկման արդյունքներով մի շարք ծրագրերի գծով կանխատեսվում է բարձր կատարողական, որը պահանջում է լրացուցիչ համաֆինանսավորման միջոցների նախատեսում: Կան նաև ծրագրեր, որոնց կանխատեսվող կատարողականը, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, որոշակիորեն տարբերվելու է տարեկան նախատեսված ցուցանիշներից, որի արդյունքում դրանց գծով կատարվել են համապատասխան վերաբաշխումներ: Վարչապետի խոսքով՝ սա այն հետևողական աշխատանքի արդյունքն է, որ միջազգային բոլոր ծրագրերը 100 և ավելի տոկոսով կատարվելու են այս տարի:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի և ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ գործընկերներին առաջարկվում է մինչև դեկտեմբերի 15-ը ներկայացնել առաջարկություններ, իսկ մինչև դեկտեմբերի 20-ը՝ գնումների անվանացանկը, որպեսզի 2016թ.-ի հունվարի 1-ից սկսած ունենանք հստակ ծրագիր: Վարչապետի խոսքով, գրավոր հանձնարարականներ կտրվեն բոլոր նախարարություններին, գերատեսչություններին՝ հնչեցրած ժամկետներում առաջարկությունները ներկայացնելու համար:

Share