Բաժին. Տնտեսական

ՀԷՑ-ի գնումը` բիզնե՞ս, թե՞ բարեգործություն. պարզաբանում է Սամվել Կարապետյանը

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական РБК Daily թերթին և պարզաբանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գնման որոշման հիմքում ընկած շարժառիթները: «Բիզնես 24»-ը ներկայացնում է հարցազույցի առավել հետաքրքիր հատվածները:  

Թերթի այն հարցի, թե ինչու է Սամվել Կարապետյանը որոշել ձեռք բերել ընկերություն, որն ունի կուտակած մեծ պարտքեր, գործարարը պատասխանել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գնման նպատակը կուտակած պարտքերի (շուրջ 220 մլն ԱՄՆ դոլար) մարումն է և դա բնավ բարեգործություն չէ: «ՀԷՑ-ը լավ ընկերություն է և երկարաժամկետ ակտիվ, իսկ մեր կառավարման ներքո այն ավելի լավը կդառնա», – ասել է Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ չնայած ընկերությունն այս պահին գտնվում է ցածր ֆինանսական վիճակում, սակայն նոր կարգավիճակում այն կդառնա շահութաբեր:

Սամվել Կարապետյանը պարզաբանել է, որ ՀԷՑ-ը գնելու առաջարկը եղել է Интер РАО ընկերության կողմից, իսկ վերջնական որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դրա մասին խնդրել են Հայաստանի իշխանությունները: «Մի կողմից, մենք ցանկանում ենք ընկերությունում կարգուկանոն հաստատել, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա հանրապետության համար ռազմավարական ակտիվ է, որն ազդում է երկրում առկա ներդրումային միջավայրի վրա: Վստահ եմ՝ մենք կարող ենք այն փոխել», – ասել է Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ գործարքը կարելի է դիտարկել միաժամանակ երկու տեսանկյունից՝ որպես բիզնես և օգնություն հայրենիքին:

Գործարքի գումարային մասի հետ կապված Սամվել Կարապետյանը մանրամասներ չի ներկայացրել, սակայն հաստատել է, որ ձեռք է բերվել ՀԷՑ-ի 100% բաժնեմասը, և ընկերության կուտակած 220 մլն ԱՄՆ դոլար պարտքի 20%-ն արդեն մարվել է:

Դիտարկելով էներգետիկ ոլորտը որպես բիզնես՝ Սամվել Կարապետյանն այն գնահատել է որպես շատ խոցելի և նշել, որ այս բիզնեսում շատ բան կախված է ոչ միայն կառավարող մարմիններից, այլև սպառողներից:

«Մենք դեռ չենք մտածում շահույթ ստանալու մասին և հաստատ չենք մտածի նաև առաջիկա 5 տարիների ընթացքում: Դա երկարատև ակտիվ է»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Հարցազույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Share