Բաժին. Տնտեսական

Որքա՞ն են կազմում Vivacell-MTS-ի, Orange-ի և Beeline-ի գովազդային ու մարքեթինգային ծախսերը

Ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին բջջային կապի օպերատորները՝ Vivacell-MTS, Orange և Beeline, գովազդային արշավների և մարքեթինգային նախագծերի իրականացման համար միասին ծախսել են ավելի քան 1 մլրդ 190.6 մլն ՀՀ դրամ:

Բջջային կապի օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու երեք ամսում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային և մարքետինգային ծախսերը կազմել են շուրջ 551.74 մլն ՀՀ դրամ, «Օրանժ»-ինը՝ 407.65 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ը՝ 231.19 մլն ՀՀ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային գործառնական ծախսերի ընդհանուր կառուցվածքում գովազդային և մարքեթինգային ծախսերի մասնաբաժինը կազմել է 5.94%: «ԱրմենՏել»-ի մոտ ցուցանիշը կազմել է մոտ 5.74%, իսկ «Օրանժ» ընկերության մոտ՝ 7.74%:

Նշենք, որ հաշվետու ամիսներին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համախառն գործառնական ծախսերը կազմել են 9.26 մլրդ ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 4.03 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝ 5,26 մլրդ ՀՀ դրամ: Գործառնական ծախսերը ներառում են փոխկապակցման ծախսերը, կապուղիների վարձակալման ծախսերը, դիլերային միջնորդավճարները, շարժական բջջային կապի ցանցի շահագործման և պահպանման ծախսերը, աշխատանքի վարձատրությունը, ինչպես նաև գովազդային և մարքետինգային ծախսերը:

Share