Բաժին. Տնտեսական

Ամփոփվել են երրորդ եռամսյակի արդյունքները. որքա՞ն եկամուտ են ապահովել Vivacell MTS-ը, Beeline-ը և Orange-ը

Հայաստանի բջջային կապի օպերատորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Vivacell MTS), «ԱրմենՏել»-ը (Beeline) և «Օրանժ Արմենիա»-ն (Orange) հրապարակել են ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, շարժական բջջային կապի ծառայությունների ոլորտում գրանցված հիմնական ֆինանսական ցուցանիշները:  

Ընկերությունների կողմից ներկայացված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ-ըապահովել է 19 մլրդ 295,83 մլն ՀՀ դրամի եկամուտներ շարժական կապից և հարակից գործունեությունից: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 7 մլրդ 157,69 մլն ՀՀ դրամ, իսկ  «Օրանժ Արմենիան» ընկերության մոտ՝ 5 մլրդ 997,1 մլն ՀՀ դրամ: Հատկանշական է, որ երեք օպերատորների մոտ եկամուտների ընդհանուր կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին են ապահովել ձայնային ծառայություններից եկամուտները:

Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային շահույթը մինչ հարկումը կազմել է 6 մլրդ 814,86 մլն ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 1 մլրդ 832,73 մլն ՀՀ դրամ: «Օրանժ Արմենիան»-ն կրել է շուրջ 356,40 մլն ՀՀ դրամի վնաս:

Share