Տնտեսական | 18:53 23/12/15

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին:

ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի փոխվարչապետի այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի էներգետիկ ոլորտում փոխգործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ընթացիկ տարում երկու երկրների կառավարությունների արդյունավետ համագործակցությունը նոր թափ է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին, և այսօր տարբեր ոլորտներում հաջող իրագործվում են մի շարք համատեղ ծրագրեր:

Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Նրա խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, կարևորել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը համագործակցության արդյունավետ ձևաչափ է, և քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը:

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին՝ ընդգծելով, որ առկա են չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ: Այս առումով երկուստեք կարևորվել է Հայաuտանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և գործարար համաժողովների անցկացումը: