Բաժին. Տնտեսական

Կարաս․ «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի արդյունքները

Դեկտեմբերի 27-ին, ավարտվեց Կարաս ազգային սննդի ցանցի կողմից մեկնարկած «Սահմանն իմ հոգում» Բարեգործական մարաթոնի առաջին փուլը: Հավաքված միջոցներով ցանցը կարողացավ գնել 1328 Ամանորյա հավաքածու, որոնք բաժանվեցին Տավուշի 11 սահմանամերձ գյուղերի դպրոցականներին և ուսուցիչներին: Իսկ մարաթոնի ավարտն ամփոփվեց  Իջևանում՝ տոնական համերգով հայկական արվեստի ազգանվեր ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Այս գյուղերում անցկացված երկու օրերը մեզ համար հոգեպես ծանր էին, սակայն մյուս կողմից երջանկություն էր տեսնել այն ժպիտները, որոնք կարողացանք պարգևել
սահմանամերձ գոտում բնակվող ընտանիքներին: 

Այստեղ բնակիչներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին դժվար է անգամ պատկերացնել` գտնվելով հեռու այդ մեկուսացված տարածքներից: Թշնամու դիտակետի ուղիղ նշանառության տակ ապրելը հեշտ չէ, սակայն տեղացիները սիրում են իրենց տունը և հերոսաբար չեն լքում այն: Հայրենիքը սկսվում է սահմանից և յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել սահմանի կողքին՝ թև ու թիկունք լինելով սահմանապահ գյուղացուն:

Ցանկանում եմ մեր ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել  մեր հաճախորդներին, ովքեր Կարասի հետ միասին աջակցել են թշնամու նշանառության տակ գտնվող սահմանամերձ գյուղերին: Ինչպես նաև շնորհավորել բոլորիս գալիք Ամանորը՝ մաղթելով խաղաղ տարի»,- իր խոսքում նշեց ընկերության համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Նշենք նաև, որ երեկ մեկնարկել է «Սահմանն Իմ հոգում» բարեգործական մարաթոնի երկրորդ փուլը, որի շրջանակներում Կարաս ազգային սննդի ցանցի և Բեկոն Պրոդուկտ մսամթերքի գործարանի վաճառքներից միջոցներ են հատկացվում Տավուշի սահմանապահ բոլոր դիրքերը տոնական խոզի բդով ապահովելու համար:

«Մեր անվախ բանակը, մեր հայրենիքի հպարտությունն է: Սահմանապահ գյուղացին ու զինվորը մեկ միասնություն են: Դատարկ գյուղը հարված է զինվորի թիկունքին: Զինվորն ավելի ուժեղ է դառնում՝ իմանալով, որ իր կողքին մարդիկ են բնակվում, որ շուրջը կյանք կա՝ կանայք և երեխաներ», – իր խոսքում նշեց ընկերության համասեփականատեր Աշոտ Հարությունյանը:

Կարաս Ազգային սննդի ցանցը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին և երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, ովքեր ի սկզբանե եղել են «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի կողքին: Ինֆորմացիոն աջակիցներ Ռադիո Վանին և Ռադիո Ջանին: Եվ բոլոր նրանց, ովքեր միացել են  բարեգործական մարաթոնին՝ «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանին, «Menu.am» միացյալ պատվերների համակարգին, «Զուզու» ապրանքանիշին, «Արարատ» սննդի կոմբինատին, «Կրիստալ» մաքրող միջոցների արտադրությանը, «Կիլիկիա» գարեջրի գործարանին, «Ռոկարէ-Տրանս» հրավառությունների խանութ-սրահին, Վերան ՍՊԸ-ին, որն աջակցել է բեռնափոխադրումների հարցում, ԱՄՆ-ից Մարտին Սուքունյանին և իր ընկերներին, ինչպես նաև «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի գլխավորությամբ, հայկական արվեստի ներկայացուցիչներին, ովքեր միացան մարաթոնին բարեգործական համերգով՝ ի դեմս

— Երգիչներ՝ Արսեն Գրիգորյանին (Մրո), Մկրտիչ Մկրտչյանին, Արմեն Դանիելյանին, Ռուբեն Սասունցուն, Արսեն Սաֆարյանին, Բղդոյին, Տիգրան Պետրոսյանին և Սրբուհի Ստամբոլցյանին;
— Երգի, պարի համույթներ՝ «Սասնա Ծռեր» ազգագրական համույթին, «Կարին» ավանդական երգի-պարի համույթին, Հայաստանի պարի պետական անսամբլին, «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթին;
— Համերգը վարողներին՝ Եգոր Գլումովին, Արսեն Ղազարյանին և Աշոտ Գևորգյանին:

Share