Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյան․ պետք է ձգտենք պահպանել գյուղատնտեսության ոլորտի աճի տեմպերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` 2016 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:

«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում, և այժմ պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

Այս համատեքստում նախարարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել խնայողական ռեժիմների կիրառման, իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց կատարողականների նկատմամբ մշտադիտարկումների անցկացման հարցերին:

Ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և տնտեսական աճ ապահովելու առումով նախարարն ընդգծել է  նաև հանրապետությունում չմշակվող հողերի ծավալների կրճատման, արտադրության ավելացման  խնդիրները` առանձնացնելով բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես լոլիկի և կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացման կարևորությունը:

Այս առումով նախարարը հանձնարարել է պատասխանատուներին  ամենօրյա աշխատանքներ իրականացնել մարզպետարանների և գյուղացիական տնտեսությունների հետ` այս հարցում շեշտադրելով հատկապես խորհրդատվական համակարգի  ակտիվ դերակատարումը:

Նախարարը կարևորել է նաև  աշխատանքների ինտենսիվացումը բուսաբուծության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում`  կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման,  ջերմոցային տնտեսությունների ավելացման գործում:

Անդրադառնալով անասնապահության ոլորտում իրականացվելիք ծրագրերին` Սերգո Կարապետյանն առանձնացրել է արհեստական սերմնավորման, տոհմային երինջների ներկրման, սպանդանոցների շահագործման և  <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ( CARMAC 2) ծրագրի ներքո նախատեսված աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև արտահանումների ավելացման, կոոպերացիայի զարգացման, մթերումների դիմաց վճարումների կատարման, վերամշակողների և գյուղացիների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլ հարցեր:

Պատասխանատուներին տրվել  են առանձին հանձնարարականներ և ցուցումներ` իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտների վերաբերյալ:

Share