Բաժին. Տնտեսական

Հայաստանում ԱՊՊԱ-ի համակարգն աշխատում է շահույթով

2015 թվականի նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է 52%, ինչը խոսում է այն մասին, որ ԱՊՊԱ համակարգը վնասով չի աշխատում: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատ, համակարգի վնասաբերության ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում:

Նշենք, որ ԱՊՊԱ-ի վնասաբերության ցուցանիշը թույլ է տալիս գնահատվել համակարգի արդյունավետությունը, այսինքն ցույց է տալիս տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասնհանումների համար:

Նշենք նաև, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445 հազար 649, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 2 հազար 711-ով:

Share