Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ԱՄՀ առաքելության նորանշանակ ղեկավարին

Փետրվարի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության նորանշանակ ղեկավար Հոսսեյն Սամիեիի և ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի հետ: Հանդիպմանը մասնակցել են` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության աշխատակիցները:

Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է պարոն Սամիեիին նոր նշանակման կապակցությամբ` առանձնակի կարևորելով ԱՄՀ հետ Հայաստանի երկարամյա և արդեն կայացած գործընկերությունը: Հոսսեյն Սամիեին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փաստել իր գոհունակությունը Հայաստանում առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու առիթով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ընդհանուր տնտեսական զարգացումները` մասնավորապես անդրադառնալով նախորդ տարվա մակրոտնտեսական իրավիճակին, արտաքին տնտեսական միջավայրին և Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր երկրներում ընթացող զարգացումներին, երկրի տնտեսական աճի միտումների վրա վերջիններիս հնարավոր ազդեցություններին, աճի հիմնական շարժիներին, ոլորտային զարգացման ծրագրերին, գործարար և ներդրումային մի շարք նախագծերին:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք ընդգծել են աշխատանքային հարաբերությունները խորացնելու իրենց պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի արդյունավետորեն արձագանքել ներկա մարտահրավերներն և շարունակել երկրի կայունությանն ու զարգացմանը նպաստող բարեփոխումները:

Share