Բաժին. Տնտեսական

Այս տարվա հունվարին Հայաստանի տնտեսությունն աճել է 5.5%-ով

Ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 5.5% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի, արդյունաբերական արտադրանքի, շինարարության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը

Այսպես, ընթացիկ տարվա առաջին ամսում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 1.5%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.7%-ով, բնակչության մատուցված ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվել է 5.1-ական տոկոս աճ: Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում արձանագրվել է 2.7% անկում

Բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 16.012 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերության համախառն արտադրանքը՝ 94.4 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 117.96 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 89.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 8.25 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսը կազմել է 2.2%:

Share