Բաժին. Տնտեսական

Ներկայացվել է «ՓՄՁ քաղաքականության ինդեքս. Արևելյան գործընկեր երկրներ 2016» զեկույցը

Փետրվարի 23-ին Երևանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Եվրոպական հանձնաժողովի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Վերապատրաստման եվրոպական հիմնադրամի կողմից համատեղ իրականացված «ՓՄՁ քաղաքականության ինդեքս. Արևելյան գործընկեր երկրներ 2016» զեկույցի պաշտոնական ներկայացումը:

«ՓՄՁ քաղաքականության ինդեքս 2016թ» զեկույցի գնահատման արդյունքների համաձայն` բոլոր 6 երկրներն արձանագրել են ցուցանիշների բարելավում: Հայաստանի Հանրապետության ցուցանիշների բարելավում է գրանցվել ինչպես նախորդ` 2012թ. զեկույցի, այնպես էլ մյուս երկրների ցուցանիշների հետ համեմատած: Ընդ որում, ընդհանուր ցուցանիշների առումով Հայաստանի Հանրապետությունը համարվում է ամենաշատ քանակով և ամենանշանակալի բարեփոխումներ իրականացրած երկիրը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՏՀԶԿ «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոմման:

Զեկույցի հիմնական արդյունքները ներկայացրել է Ծրագրի համակարգող Դանիել Քվադբեկը (ՏՀԶԿ):

Միջոցառումը նախագահել է  ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Համառոտ տեղեկանք «ՓՄՁ քաղաքականության ինդեքս 2016թ» զեկույցի ցուցանիշների վերաբերյալ

«Փոքր բիզնեսի ակտը» (ՓԲԱ) Եվրամիությունում մշակվել է 2008 թվականին` որպես փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման գլխավոր գործիք: Այն 10 սկզբունքների համախումբ է, որոնք պետք է հաշվի առնել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունները մշակելիս և իրականացնելիս: Այդ սկզբունքները հստակ սահմանում են այն առաջնահերթությունները, որոնցով կարող են առաջնորդվել կառավարությունները` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելու համար: Եվրոպական երկրներում «Փոքր բիզնեսի ակտի» գնահատումը հանդիսանում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնական փաստաթուղթը: Հայաստանի Հանրապետությունը ՓԲԱ գնահատմանը մասնակցում է 2012 թվականից:

ՓԲԱ շրջանակներում Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից` Եվրոպական Հանձնաժողովի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և Եվրոպական Վերապատրաստման Հիմնադրամի հետ համատեղ, իրականացվում է «ՓՄՁ քաղաքականության ինդեքսի» գնահատումը, որին մասնակցում են Արևելյան Գործընկերության անդամ 6 երկրները (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա և Ադրբեջան): Ինդեքսը կառուցվում է մի շարք ցուցանիշների հիման վրա և ներկայացնում է Փոքր բիզնեսի ակտի 10 սկզբունքների համաձայն ՓՄՁ ոլորտի ազգային քաղաքականությունների գնահատման հայեցակարգ: Ինդեքսը բացահայտում է քաղաքականության մշակման և իրականացման ասպարեզում ուժեղ և թույլ կողմերը և յուրաքանչյուր երկրի համար առաջարկում առաջնահերթ բարեփոխումների ցանկ:

«ՓՄՁ քաղաքականության ինդեքս 2016թ» զեկույցի գնահատման արդյունքների համաձայն` բոլոր 6 երկրներն արձանագրել են ցուցանիշների բարելավում: Հայաստանի Հանրապետության ցուցանիշների բարելավում է գրանցվել ինչպես նախորդ` 2012թ. զեկույցի, այնպես էլ մյուս երկրների ցուցանիշների հետ համեմատած: Ընդ որում, ընդհանուր ցուցանիշների առումով Հայաստանի Հանրապետությունը համարվում է ամենաշատ քանակով և ամենանշանակալի բարեփոխումներ իրականացրած երկիրը:
2012 թվականին հրապարակված առաջին զեկույցում, ՓՄՁ քաղաքականության ինդեքսի և ՓՄՁ ոլորտի բարելավման նպատակով, ՏՀԶԿ կողմից Հայաստանի Հանրապետությանն առաջարկվել էին մի շարք առաջնահերթ գործողություններ, որոնք 2016թ-ի զեկույցի համաձայն` արդեն իսկ իրականացվել են, ինչի արդյունքում գրանցվել է ցուցանիշների զգալի բարելավում:

Հայաստանի Հանրապետությունը գործնականում արձանագրել է ցուցանիշների բարելավում գնահատման բոլոր 10 ուղղություններով, իսկ դրանցից երեքում (Սնանկացումը և երկրորդ հնարավորությունը ՓՄՁ սուբյեկտների համար, ՓՄՁ և սկսնակ ընկերությունների համար աջակցության մեխանիզմներ, Նորարարություն) համարվում է առաջատարը Արևելյան Գործընկերության անդամ 6 երկրների ցանկում:

Օրենսդրական կարգավորումների պարզեցումը և կարգավորման ազդեցության գնահատման իրականացումը շարունակում են բարելավել գործարար միջավայրը ՓՄՁ սուբյեկտների համար: Բիզնես գործընթացների պարզեցմանն ուղղված ջանքերը, այդ թվում բիզնեսի գրանցման համար մեկ պատուհանի կանգառի ներդրումը և էլեկտրոնային կառավարման ծառայությունների զգալի ընդլայնումը, կրճատել են ՓՄՁ սուբյեկտների` գործունեություն սկսելու արգելքները և գործառնական ծախսերը: ՓՄՁ ոլորտին աջակցություն տրամադրող, տարածաշրջանում լավագույնը համարվող, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից տրամադրվող գործարարության աջակցման ծառայությունները, ներառյալ` վարկային երաշխիքները, զգալիորեն ավելացել են: Ձեռնարկատիրական կրթությունը զգալիորեն խթանվել է նոր` ֆինանսական կրթության ծրագրի ներդրմամբ: ՓՄՁ ԶԱԿ կողմից իրականացվող կանանց ձեռներեցությանն ուղղված վերապատրաստման և ֆինանսավորման ծրագրերը ևս հասանելի են: Համաձայն գործարար միջավայրի և կազմակերպությունների արտադրողականության (BEEPS) ուսումնասիրության` հայաստանյան կազմակերպությունները համարվում են ամենանորարար կազմակերպությունները Արևելյան Գործընկերության անդամ երկրների ցանկում (ՎԶԵԲ, 2014):

Share