Բաժին. Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է   Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին: Հանդիպմանը մասնակցել են ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին և գործառնությունների գծով ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական բարեփոխումների և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների կոորդինացման բաժնի պետ Անետա Բաբայանը:

Հանդիպման առանցքում եղել է ՀԲ հետ երկրի գործընկերության ներկա օրակարգի շրջանակներում իրականացվող ծրագրերի, տնտեսության ընդհանուր վիճակի և զարգացման հեռանկարների քննարկումը, հետագա համագործակցության առաջնահերթությունների շուրջ մտքերի փոխանակումը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է Համաշխարհային Բանկի հետ համագործակցության խիստ արժեքավոր և դրական փորձառությունը, գոհունակությամբ նշել և շնորհավորել ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վարկային համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ սա առանձնահատուկ նախաձեռնություն է, և կիսել են իրենց ակնկալիքներն ու ոգևորությունը ծրագրի իրականացման ու ակնկալվող արդյունքների շուրջ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի զարգացման դինամիկայի, տարածաշրջանային զարգացումների, արտաքին միջավայրի ազդակների և, այդ համատեքստում, Հայաստանի տնտեսական քաղաքականության շեշտադրումների ու առանձնահատկությունների շուրջ: Մասնավորապես, հատուկ անդրադարձ է կատարվել Իրանի հետ երկրի համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին, առևտրատնտեսական կապերը խորացնելու շուրջ երկու երկրների գործարար համայնքների փոխադարձ հետաքրքրվածությանը, քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացող զարգացումներին և Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցային գործընթացին:

ՀԲ-ի հետ համագործակացության հետագա օրակարգի շուրջ քննարկման համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններին` հատկապես կարևորելով այդ ուղղությամբ ջանքերը խորացնելու անհրաժեշտությունը: Նախարարը հույս է հայտնել, որ  Համաշխարհային բանկը կքննարկի այդ բնագավառում ներգրավվածության ընդլայնման հնարավորությունը: Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ կենսունակ փոքր և միջին ձեռնարկատիրություն ունենալը երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմնարար գործոններից է: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը նշել է, որ հարցն իրապես կարևորագույններից է համարում` շեշտադրելով, թե որքան էական են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար նպաստավոր միջավայր ձևավորելուն, համապարփակ աջակցության պլատֆորմ ապահովելուն և առկա լավագույն փորձը մասշտաբայնացնելուն ուղղված քայլերը:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ շեշտել են իրենց համոզմունքը գործընկերության հետագա ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ:

Share